1․ Դվին մայրաքաղաք

Դվին Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում։ Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Արտաշատ քաղաքի շրջակա գյուղերի մոտակայքում, Երևանից մոտ 30 կմ հարավ։

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։

Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։

Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ մեծամասնություն են կազմել։

Նրա կենտրոնում, 30-35 մ հարաբերական բարձրության բլրի վրա, հառնում էր միջնաբերդը՝ աշտարակաշատ պարիսպներով։ Պարիսպներն ունեին մինչև 16 մ հաստություն և 6-7 հարկանի շենքի բարձրություն։ Միջնաբերդն ամբողջությամբ շրջափակված է եղել ջրափոսով պաշտպանված կրկնակի պարիսպ-խրամով։ Ջուրը լցվել է Ազատ գետից՝ արհեստական հունով։

2․ Պապ թագավորի սպանության առեղծվածը

Պապ թագավորը, երկիրն ամրապնդելով, սկսում է անկախանալ, միտքը ծռում է հունաց թագավորից։ Իր թիկունքն ամրապնդելու նպատակով անգամ փորձում է սեր ու միաբանություն հաստատել պարսից թագավորի հետ։ Նա պատգամավորներ է ուղարկում հունաց թագավորի մոտ հետևյալ պահանջով. «Կեսարիան, նրա հետ նաև ուրիշ տասը քաղաքներ մերն են եղել, հետ վերադարձրու։ Ուռհա քաղաքն էլ մեր նախնիներն են շինել, ուստի և մեզ է պատկանում։ Եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ապա այդ քաղաքները մեզ վերադարձրու, հակառակ դեպքում մեծ պատերազմով կկռվենք քո դեմ»։ 

Հայոց իշխանները շատ են հորդորում իրենց թագավորին, որ հունաց թագավորության հետ իր ուխտը չխզի, բայց Պապը մնում է անհողդողդ։ Նա բացահայտ թշնամությամբ է սկսում վերաբերվել հույների և հունաց թագավորի հետ։ Բայց հունաց Տերենտ զորավարն ու Ադե կոմսը իրենց զորքով դեռևս գտնվում էին Հայոց աշխարհում։ Հունաց թագավորը գաղտնի դեսպան է ուղարկում Հայաստանում գտնվող իր զորավարների մոտ և հրամայում հայոց Պապ թագավորին սպանել։ Տերենտ ստրատելատն ու Ադե կոմսը, ստանալով իրենց թագավորի գաղտնի հրամանը, հարմար առիթ են որոնում այն իրագործել։ Մի անգամ, երբ հայոց իշխաններն ու զորավարներն իրենց թագավորի մոտ չէին, Տերենտն ու Ադեն որոշում են գործի անցնել։ Պապ թագավորի բանակն այդ ժամանակ գտնվում էր Բագրևանդ գավառում, իսկ հունաց զորքերը բանակ էին դրել մոտակայքում։ Հույն զորավարներն իրենց բանակում փառավոր հացկերույթ են կազմակերպում և հայոց Պապ թագավորին հրավիրում ընթրիքի։ Նրանք մեծ պատվով ու արժանավորությամբ ընդունում են հայոց թագավորին, բերում, բազմեցնում կերուխումի սեղանի գլխին։ Երբ Պապ թագավորը մտնում է Տերենտ զորավարի սենյակը, տեսնում է, որ սենյակի չորս պատերի տակ կանգնած են լեգեոնի զինվորները՝ ձեռներին՝ վահան, գոտիներում՝ սակր։ Իսկ սենյակից դուրս դարձյալ կազմ ու պատրաստ կանգնած էին լավ սպառազինված զինվորներ՝ վրայից սովորական զգեստ հագած։ Պապին թվում է, թե այդ բոլոր զինվորները իր պատվի համար են պահակ կանգնած։ Մինչ Պապը սեղանի գլխին նստած ընթրիք էր վայելում, նրա թիկունքին կանգնած սակրավոր զինվորներն աստիճանաբար շատանում են և շրջապատում նրան։ Գինեխումի ժամանակ ուրախության առաջին բաժակը մատուցում են Պապ թագավորին, և նույն պահին հնչում է թմբուկների ու սրինգների, քնարների ու փողերի ներդաշնակ ձայնը։ Այդ վայրկյանին էլ վահանակիր զինվորներին ազդանշան է տրվում։ Եվ մինչ Պապը ուրախության գինու ոսկե թասը ձեռին բռնած՝ բերանին էր մոտեցնում և նայում գուսանների խմբին, թագավորի թիկունքին կանգնած երկու սակրավոր զինվորներ, իրենց սակրերը միասին բարձրացնելով, զարկում են Պապ թագավորին, մեկի հարվածից թագավորի վիզն է կտրվում, մյուսից՝ աջ ձեռի թաթը։ Պապ թագավորը բերանքսիվայր ընկնում է սեղանին, թասով գինին խառնվում է պարանոցից հոսող արյանը, և նա տեղնուտեղը մեռնում է։ Սեղանատանը աղմուկ ու շփոթություն է ընկնում, ընթրիքին ներկա Պապի ուղեկից իշխան Գնել Անձևացին իսկույն իր բազմած տեղից վեր է թռնում, քաշում սուրը և սպանում թագավորին սպանող զինվորներից մեկին։ Այդ պահին հունաց Տերենտ զորավարը քաշում է սուրը և հարվածում Գնելի գլխին։ Սուրը կտրում է Գնելի գլխի սկավառակը և շուռ տալիս աչքերի վրա։ Գնելը ընկնում է մեռնում, իսկ ներկաներից ոչ ոք այլևս չի հանդգնում հույն զինվորների դեմ ըմբոստանալ:

3․ Վահանաց և Վարդանանց պատերազմներ․

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։ Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար[1]։ Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը։ Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին։

Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մոտ[1]։ Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք[4]։ Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու։

451 թվականի գարնանը Հազկերտը գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան։ Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան։ Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում։ Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին։ Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր։ Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ։ Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։

Վահանանց

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր։ Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր։ Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել։ Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում։ Նրան հաջորդում է Հովհաննես Ա Մանդակունին։

Արևելյան Վրաստանում Վախթանգ Գորգասալ թագավորը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից արքայի դրածո բդեշխ Վազգենին, որը նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր։

Վախթանգի կողմից Վազգենի սպանությունը առիթ հանդիսացավ ապստամբության սկսվելուն։ 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել։ Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն։ 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ՝ մարզպանի պաշտոնները։

4․ Հայ-արաբական պայմանագիր

Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։

Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝

  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։