Ուսումնասիրման ժամկետը՝ հոկտեմբեր 25-29

Հայաստանը Երվանդունիների օրոք
Բեհիսթունյան արձանագրությունը

Ըստ ավանդության` Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:

Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:

Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը եւ համապատասխանում էր հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր, որի սահմանները հարավ-արեւելքում հասնում էին մինչեւ Փոքր Զավ գետի ակունքները եւ Մարաստան, հարավում` մինչեւ Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արեւմուտքում` մինչեւ Պոնտոս, արեւմուտքում` մինչեւ Կիլիկիա:

Երվանդ 2-դի դիմանկարով դրամ

Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամասն է համարում նաեւ Եփրատից արեւմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է Փոքր Հայքին: Այլ խոսքով` Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում:

Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:

Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:

Հայի պատկեր` Պերսեպոլիսի բարձրաքանդակներից (մթա 6-րդ դար)

Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը, որը պարսկական Աքեմենյան տոհմից էր: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:

Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:

Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը:

Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի` Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ: