Ըստ ավանդույթի Ք.ա. 612թ. Նինվեի գրավման ժամանակ մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը։Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր։Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը։Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը։Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի դեմ։

Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:Այդ ժամանակ ապստամբել էր նաև Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ։Ճակատամարտերը տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:Միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր։Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր:Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:Նրան հաջորդեց որդին` Արշամը, որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն։Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը: Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ կարգվեց Արտաշեսը:Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ։

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ