Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Մեծ Հայքի արքա Արտաշես Ա Բարեպաշտ

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը: